Առաջարկում ենք պատրաստել օգտակար և առողջ թխվածքաբլիթներ, որոնք լցոնված են կալցիումով հարուստ կաթնաշոռով։ Հաճախ երեխաներին չենք կարողանում հեռու պահել չափից դուրս քաղցրից։

Ահա այս թխվածքաբլիթները կլուծեն այդ խնդիրը․ երեխաներն այն կարող են ուտել որքան կցանկանան։ Օգտակար լինելուց զատ, դրանք նաև անչափ դյուրին են պատրաստվում և ունեն հասանելի բաղադրատոմս։

Անհրաժեշտ կլինի՝
Կարագ — 200 գ
Թթվասեր — 200 գ
Փխրեցուցիչ — 1 թ․գ․
Ալյուր — 350 գ
Կաթնաշոռ — 250 գ
Շաքարավազ — 2 ճ․գ
Վանիլ — 1 պտղունց
Հավկիթ — 1 հ․

Խմորի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ կլինի մաղած ալյուրի վրա ավելացնել փափկեցված կարագը, փխրեցուցիչը, թթվասերը։ Եվ մեկ նկատառում՝ յուրաքանչյուր խմորին՝ անկախ նրանից, թե ինչպիսի խմոր է, անհրաժեշտ է ավելացնել մեկ պտղունց աղ։

Հունցել ձեռքով և ստանալ փափուկ խմոր։ Պատրաստի խմորը դնել սառնարանում 30 րոպե։ Միջուկը սկսեք պատրաստել այն ժամանակ, երբ խմորը դուրս կբերեք սառնարանից։ Միջուկը երբեք մի հարեք բլենդերով։

Կաթնաշոռին ավելացնել շաքարավազ, վանիլ և հավկիթ։ Այս ամենը միախառնել պատառաքաղի օգնությամբ։ Սառնարանից դուրս բերել խմորը և առանձնացնելով փոքր կտորներ՝ ձեռքերի օգնությամբ բացել, դնել միջուկը և թխվածքաբլիթին տալ կիսալուսնի ձև։

Դասավորել նախապես յուղաթղթով պատրաստած ձևամանի մեջ և թխել 190 աստիճանով տաքացված ջեռոցում՝ 35 րոպե։