Եթե կցանկանաք աշխատանքային օրվա ավարտին համեղ ինչ-որ ուտեստով ընտանիքին հավաքել կլոր սեղանի շուրջ և օրվա թոհուբոհն ամփոփել ու ցրել ընտանեկան ջերմ մթնոլորտում, ապա առաջարկում ենք հետևել մեզ։ Պատրաստեք այս հյութեղ եռանկայունիները և վայելեք համը։ Այն համեղ է և միևնույն ժամանակ հագեցնող ու անփոխարինելի։

Անհրաժեշտ է՝
Խմոր՝
Կաթնաշոռ — 250 գ
Հավկիթ — 1 հ․
Կաթ — 140 մլ
Փխրեցուցիչ — 1 թ․գ․
Ձիթայուղ — 3 ճ․գ․
Ալյուր — 330 գ
Աղ
Միջուկ՝
Հավի լյարդ — 700 գ
Սոխ — 2 հ․
Աղ, պղպեղ, կանաչի՝ ըստ ճաշակի
Հավկիթ 1 հ․՝ կարկանդակների վրա քսելու համար

Միախառնել կաթնաշոռը, կաթը, հավկիթը, աղը և փխրեցուցիչը, այնուհետև հավելել ալյուրը և հունցելով ստանալ փափուկ խմոր։ Խմորը թողնել մի փոքր հանգստանա։

Այդ ընթացքում պատրաստեք միջուկը․ տապակել սոխը, որից հետո ավելացնելմ մանրացաված հավի լյարդը, համեմել և շոգեխաշել մինչ պատրաստ լինելը։ Վերջում ավելացնել կանաչին։

Խմորը բաժանել 12 մասի, գրտնակել, դնել միջուկը և ստանալ եռանկյունիներ։ Վրան քսել հարած հավկիթ և թխել 180 աստիճան տաք ջեռոցում 35-40 ր։