Առաջարկում ենք անչափ համեղ աղցանի բաղադրատոմս, որը կդառնա ձեր սեղանի մշտական ուտեստը։ Այն ամառային, վիտամիններով հարուստ և հագեցնող աղցան է, որը կոչվում է «Նրբություն»։

Աղցանը համապատասխանում է անվանը։ Պատրաստվում է ամենահասարակ մթերքներից, որոնք հիանալիորեն լրացնում են մեկը մյուսին և ստեղծում անսահման նուրբ համ։ Պատրաստեք և կհամոզվեք։

Անհրաժեշտ է՝
Հավի կրծքամիս — 200 գ
Հավկիթ — 4 հ․
Պանիր կարծր տեսակի — 150 գ
Սոխ — 1 հ․
Շաքարավազ — 1 թ․գ․
Քացախ — 1 ճ․գ․
Կանաչ խնձոր — 1 հ․
Մայոնեզ՝ ըստ ճաշակի
Աղ՝ ըստ ճաշակի

Խաշած կրծքամիսը մանրացնել։ խաշած հավկիթներն առանձնացնել դեղնուցը սպիտակուցից և առանձին անցկացնել քերիչով։ Անհրաժեշտ է քերիչով անցկացնել նաև պանիրը, ապա մանրացնել սոխը, որի վրա լցնել եռման ջուր, շաքարավազ, քացախ և թողնել 20 րոպե։

Այժմ անհրաժեշտ է հավաքել աղցանը։ Խորհուրդ է տրվում ունենալ նկարում պատկերված ձևամանից։ Ամենաներքևի շերտը սպիտակուցն է։ Այն հարթեցնելուց և աղ անելուց հետո վրան բարակ շերտով քսել մայոնեզ, ապա կրծքամիսը, որի վրա կրկին քսել մայոնեզ։

Այնուհետև սոխը քամել ավելորդ հեղուկից և լցնել կրծքամսի վրա և վրան մայոնեզ, վրան քերել խնձոր, հարթեցնել, ապա դեղնուցը, որը հարթեցնելուց, աղ անելուց և մայոնեզից հետո՝ որպես վերջին շերտ, լցնել պանիրը, հարթեցնել և զգուշությամբ հանել ձևամանը։