Այսօր առաջարկում ենք պատրաստել անչափ հեշտ խմորեղեն, որը կարելի է համտեսել թե՛ սուրճի, թե՛ թեյի և թե՛ ուղղակի սառը զովացուցիչ ըմպելիքների հետ։ Այս ռուլետի պատրաստման համար մեծ ջանքեր և շատ բաղադրամսեր անհրաժեշտ չեն։ Ցանկություն և մի փոքր ժաանակ։ Այն պատրաստվում է թավայում։ Ստացվում է անչափ նուրբ, բիսկվիթային խմոր, որի պատրաստման համար կծախսեք ընդամենը 10 րոպե։

Անհրաժեշտ է՝
Հավկիթ — 2 հ․
Ալյուր — 80 գ
Շաքարավազ — 50 գ
Փխրեցուցիչ — 1/2 թ․գ․
Վանիլ — 1 թ․գ․
Կակաո — 1 թ․գ․

Հավկիթների վրա գդալի ծայրով ավելացնել աղ, ապա՝ շաքարավազը, վանիլը և հարել հարիչով այնքան, մինչև կստացվի սպիատակավուն զանգված։ Առանձին տարայում ալյուրը, փխրեցուցիչը։ Այն կարելի է փոխարինել սոդայով, որն էլ իր հերթին կարող եք հանգեցնել կիտրոնի հյութով կամ քացախով։ Ալյուրային զանգվածը ձվային զանգվածին ավելացնել գդալ առ գդալ և պարտադիր անցկացնել մաղով։ Խմորը խառնել զգուշորեն՝ ներքևից վերև։

Խմորը բաժանել երկու մասի, որոնցից մեկին ավելացնել մաղով անցկացված կակաո։ Կարագով պատած տաք թավայի մեջ լցնել բիսկվիթային խմորը և թխել փակ կափարիչով 3-4 րոպե՝ միջին կրակի վրա, որից հետո փաթաթել յուղաթղթի մեջ և թողնել սառչի։

Այնուհետև խմորի վրա քսել ցանկացած միջուկ (սերուցքային, շոկոլադե կամ ջեմ) և փաթաթել, տալ ռուլետի տեսք։ Կարելի է զարդարել շաքարի փոշիով կամ մրգերով։