Թանապուրը հայկական խոհանոցի այն ամենահամեղ ապուրներից մեկն է, որ ակտուալ է թե՛ ամռանը (սառը վիճակում), թե՛ ձմռանը (տաք)։ Հայկական խոհանոցում թանապուրի պատրաստման տասնյակ բաղադրատոմսեր կան:

Այսօր ձեզ ենք ներկայացնելու բազուկի տերևներով թանապուրը, որի արմատները գալիս են Գեղարքունիքի մարզից: Պատրաստման գործընթացը նույնն է, ինչպես սովորական թանապուրի դեպքում, պարզապես վերջում ավելացնում ենք կարմիր բազուկի տերևներ:

Անհրաժեշտ է՝
Մածուն — 600 գ
Հավկիթ — 1 հ․
Ալյուր — 1 ճ․գ․
Եփած ձավար — 1 սուրճի բաժակ
Եռման ջուր — 1 լ
Կարագ — 50 գ
Սոխ — 1 հ․
Բազուկի տերևներ — կես կապ
Աղ՝ ըստ ճաշակի

Մածունը, ալյուրը, ձուն ու եփած ձավարը լավ խառնել մինչև համասեռ զանգված ստացվի, դանդաղ ավելացնել տաք ջուրը ու դնել կրակին, անդադար խառնել մինչև եռա:

Թավայի մեջ անել սոխառած։ Ավելացնել եռացող ապուրին, լցնել նաև կտրատած բազուկի տերևները, եփել 3 րոպե ու կրակն անջատել: Հավատացած եղեք այն անչափ համեղ է ստացվում և դուր կգա բոլորին։