Լիլիթ Մուրադյանը, ով հաճախ է կյանքի էության մասին խոսում, հերթական անգամ բարձրաձայնել է կարևոր մի հարց։ Նա իր գրառման մեջ նշում է, որ մեր մեջ իսպառ բացակայում է հարգանքը, ինչն էլ հղի է մի շարք բացասական կողմերով։

Հաղորդավարուհին գրում է․ «Կարևոր չէ, թե ի՞նչ հիմար վերնագրեր կլինեն իմ մասին, դա վաղուց ինձ համար նորմալ է դարձել։ Կարևորը և ողբերգականն այն փաստն է, որ քննարկում են դա կանայք։ Դուք երբևէ ինքներդ ձեզ հարց տվել եք՝ ինչո՞ւ է միջին վիճակագրական հայ կնոջ կերպարը միշտ տանջված և դժբախտ։

Ասեմ, որովհետև մեզ մոտ իսպառ բացակայում է հարգանքը, կինը՝ կնոջ հանդեպ, եթե կինը բաժանված է, ունի երեխա, բայց չունի ամուսին, բաց է հագնվում, փակ է հագնվում, աշխատում է, չի աշխատում, գեր է, նիհար է, ակտիվ կամ պասիվ է, ցանկացած պարագայում սկսում են քննարկումներ։

Շատ տարբեր և շատ տգեղ, հետո այդ կանայք դաստիարակում և մեծացնում են տղաների՝ պիտակավորելով իրենց ընտրյալներին և ի սկզբանե կոդավորելով, թե որն է լավ և որն է վատ կնոջ կերպարը: Ու սա շարունակվում է տարիներով և մենք դեռ դոփում ենք նույն տեղում։

Եթե կինը ենթարկվել է բռնության, ապա ինքն է թույլ տալիս, եթե վերջինիս նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է եղել, կինն է մեղավոր, հաստատ իրեն վատ է պահել, և այդպես շարունակ։ Հիմա ասացեք խնդրեմ, եթե մենք իրար չենք հարգում, սիրում, գովում, սատարում…արդյո՞ք տղամարդը կանի»։