Մայիսի 5-ը Մարտիրոս Սարյանի մահվան օրն է


Մայիսի 5-ը հայ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ Մարտիրոս Սարյանի մահվան օրն է:

Ստեղծագործության առաջին շրջանում Սարյանը հրաժարվել է ավանդական մտածելակերպից՝ ստեղծելով մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել ու կոչել է «սարյանական»։

Սարյանի ստեղծագործության երկրորդ շրջանի երկերը թեմատիկայով ֆանտաստիկ չեն։ Դրանք մոտիվներով արդեն կոնկրետ-իրական են։ Բայց կերպավորման ընդհանուր-էսթետիկական մի քանի սկզբունքներով դարձյալ, ճիշտ է յուրովի, զարգացնում են նախորդ շրջանի գործերի տեսիլքային կողմնորոշումը։ Լինեն ծաղիկներ թե մրգեր, մարդիկ թե կենդանիներ, բնապատկերներ թե կենցաղի առարկաներ՝ նկարչի 1910-ական թթ. կտավներում ստացել են ընդհանրացված բնութագրություն, վերածվել հավաքական, մոնումենտալ-էպիկական կերպարների։

Ընդգրկված կոնկրետ նյութի եզակիորեն հատկանշական գծերը բացահայտելով ու դրանք երևակայաբար վերամիավորելով, Սարյանը ստեղծել է էությամբ մտահայեցողական տեսիլքներ, որոնք նշանաբանում են բնությունը հավիտենական շարժման մեջ պահող համատիեզերական կենսաուժի գոյության նկարչի պանթեիստական հավատամքը, անմահության, երջանկության և ազատության գաղափարները։

Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Սկսվել է նրա բեղմնավոր կյանքի՝ նոր՝ երրորդ (1920 — 72) շրջանը։ Աշխարհի տարբեր վայրերից հայրենիք վերադարձած գիտնականների, արվեստագետների, գրողների հետ լծվել է նորագույն ժամանակի հայ մշակույթի և մշակութային մի շարք օջախների ստեղծմանը։ 1921-ին նշանակվել է նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ:

Սարյանը խոշոր ներդրում է կատարել 20-րդ դարի հայկական գրքարվեստի և բեմանկարչության ասպարեզներում։ Շատ չեն Սարյանի գրքային ձևավորումները, սակայն դրանք ունեն նույն որակը, ինչ նկարչի մյուս ժանրերի երկերը։ Դրանց ձևաբանական, տեխնիկական հնարքները ևս ճկուն ու բազմազան են։ Չնայած իր նկարազարդումներում խստորեն հետևել է գրական երկի սյուժետային գործողությանը, մոտիվներին ու բովանդակությանը, դրանք ունեն նաև ինքնուրույն կերպարվեստային արժեք:

Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Արդիականությամբ տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ-կիրսաական արվեստ) հատկանշական գծերը կամրջել է նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!