Այսօր լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է․ ուշագրավ պատմություն նրա մասին


Այսօր լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է։ Լևոն Բլբուլյանն օրվա կապակցությամբ պատմում է հետևյալը․ «Մոսկվացի ընկերոջս, գրող, գրականագետ Ալբերտ Օհանյանի հետ հյուրընկալվեցինք Ալբերտ Ազարյանին՝ իր իսկ անունը կրող մարզադպրոցում։ 90-ի շեմին գտնվող լեգենդար մարզիկը մեզ զարմացրեց իր առույգությամբ, անմիջականութ յամբ, հիացրեց իր գործի հանդեպ ակնհայտ նվիրվածությամբ:

Նա մեզ հաճույքով ուղեկցեց ընդարձակ մարզասրահ, որտեղ հենց այդ պահին եռանդուն պարապմունքներ էին անցկացնում տարիքային տարբեր խմբի երեխաներ, պատմեց իրենց սաների ձեռքբերումների մասին, անթաքույց հպարտությամբ ծանոթացրեց մարզական պարգևների իր հարուստ, տպավորիչ հավաքածուին։

Սուրճի սեղանի մոտ, իհարկե, այդ մասին պատմեցի փառաբանված մարզիկին ու հիշեցի մի դեպք նաև, որն իր հետ է կապված: Ուրեմն, միջշրջանային հերթական մրցումները Կիրովական ում էին անցկացվում: Մեր թիմը նորից հաղթում էր, ես էլ առաջատարների մեջ էի: Երբ զուգափայտի վրա հանդես գալու իմ հերթն էր, գործիքին մոտենալիս աչքի պոչով նկատեցի, որ նստած է նաև Ալբերտ Ազարյանը, ում, իհարկե, լուսանկարներից բոլորս գիտեինք, հատկապես ազարյանական իր անկրկնելի խшչով, ու երկրպագում էինք պարզապես։

Ես լարվեցի, համակվեցի պատասխանատվության առանձնահատուկ մի զգացումով, հռչակավոր մարզիկի մոտ իմ բոլոր հնարավորությունները դրսևորելու ցանկությամբ և, ամեն զգոնություն ու վտանգ, մարզիչիս ցուցումները մոռացած, ելույթիս ընթացքում կատարեցի դժվարին մի վարժություն, որը դեռ լիովին չէի յուրացրել. այն ինձ մոտ մեկ լավ էր ստացվում, մեկ՝ անհաջող։

Կատարեցի ու օդում պտտվելիս արդեն զգացի, որ ձախողված եմ, բավականին անհաջող դիրքով, շրխկոցով ընկա ցած, զույդ ոտքերով ուժգին բախվելով զուգափայտի ձողերին։ Ամոթահար ու հուսահատ նստել էի հատակին ու խիստ զայրացած մարզիչիս հորդորով միայն ելա, ոտքերիս ցավը հաղ թահարելով, մի կերպ շարունակեցի, ավարտին հասցրի ելույթս։

Ի զարմանս ինձ, վերջնական արդյունքներով պարզվեց, որ, այնուամենայնիվ, գրավել եմ 3-րդ տեղը: Այս ամենն, իհարկե, ժպիտով պատմեցի, բոլորս ծիծաղեցինք: Բայց Ալբերտ Ազարյանը, մի պահ խորամանկ հայացք փոխանակելով ինձ հետ, մտավ կողքի սենյակ ու վերադարձավ ժպիտը դեմքին, ձեռքին կարմիր ժապավենով մեդալ.

— Դե ինչ, Լևոն, քանի որ տարիներ առաջ իմ ,,մեղքով,, ես զրկվել չեմպիոնությունից, ես հիմա քեզ շնորհում եմ այս մեդալը ու չեմպիոն հռչակում…,-ու հանդիսավոր պարանոցիս հագցրեց մեդալը, որի վրա հենց իր նկարն է՝ ազարյանական հռչակավոր խաչը կատարելիս:

Ներկաները ծափահարեցին, նորից ծիծաղեցինք: Իսկ ես, պատանեկան այն օրերի խանդավառությամբ, ինձ իսկական չեմպիոն էի զգում: Ճիշտն ասած, շատ վաղուց չեմ հանդիպել մեր հրաշալի մարզիչ, սպորտի վարպետ Վալտեր Ղռեջյանին,ով և՛ ուսուցիչ, և՛ ընկեր էր մեզ համար:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!