Ինչպես տեղեկացրել էին՝ երեկ թշնամու սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ և վիրավորներ։ Զոհված տղաներից երկուսը՝ Արթուրն ու Ռուդիկը, քսան տարեկան էին, իսկ Վահանը՝ 19։

Նրանք հավերժի ճամփորդ դարձան, ընկան հանուն հայրենիքի, հանուն հայրենակիցների։ Նրանց սերը հայրենիքի նկատմամբ բոլորովին ուրիշ էր։ Դա է փաստում տղաներից մեկի՝ Ռուդիկի գրառումը հայրենիքի մասին։ Ռուդիկն Ալավերդի քաղաքից էր, ով զորակոչվել էր 2021 թվականի փետրվարին։

Դեռևս նոյեմբերի 10-ին, երբ ավարտվեց 44-օրյա պատերազմը Ռուդիկը գրել էր իր պատկերացրած հայրենիքի մասին։ Նա գտել էր դեպի հաղթանակ տանող ճանապարհը։ Ռուդիկն ընդգծել էր, որ դեռ պատերազմը չի ավարտվել և գտնում էր, որ մեզանից յուրաքանչյուրը զինվոր է, զինվոր իր գործում։

Ռուդիկը գտնում էր, որ բաղձալի հաղթանակը կտրվի գիտելիքի ճանապարհով։ Դիմելով երիտասարդներին՝ հորդորել է սովորել, ստիպել ուսուցչին, դասախոսին, որ կրթի, գիտելիք տա, քանի որ կիրթ սերունդ է անհրաժեշտ։ Մրցույթներում հաղթանակները Հայաստանինը պետք է լինեն։

«Հավատում եմ քեզ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ: Կհանդիպենք տարիներ անց, մեր երկիրը շենացնելու ժամանակ: Թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու։ Պատերազմը չի ավարտվել…»,-գրել էր հերոսը։