Քսաներորդ դարում արվեստի ոլորտում թերևս ամենահայտնի դեմքերից մեկը Պիկասոն է։ Նրան ճանաչում են աշխարհի յուրաքանչյուր ծայրում։ Նա ապրել է շատ ծանր ժամանակներ, տեսել է սով, զրկանքներ, բայց արվեստի հանդեպ սերը զարգացել ու զարմացրել է ամբողջ աշխարհին։

Նման տաղանդներ ծնվում են հազարավոր տարին մեկ անգամ։ Հանրահայտ նկարչի մասին բազմաթիվ հետաքրքրական պատմություններ կան։ Այս անգամ ցանկանում ենք ներկայացնել դրանցից մեկը։ Մի անգամ նկարիչը ռեստորանում ճաշելիս է լինում և նրան մոտենում է սրճարանում գտնվող մարդկանցից մեկը և խնդրում նրա համար մի բան նկարել։

Նկարիչը վերցնում է մատիտն ու թուղթը և արագորեն նկարում քաղաքային մի տեսարան և հանձնում կնոջը։ Այնուհետև աշխատանքի դիմաց տասը հազար դոլար է պահանջում կնոջից։

Վերջինս խոր զարմանք է հայտնում՝ ասելով, որ այդ նկարի վրա Պիկասոն ծախսել է ընդամենը տասը րոպե։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ տասը րոպե աշխատանքի դիմաց այդքան գումար է պահանջվում։

Պիկասոն ամենայն հարգանքով պատասխանում է․ «Սխալվում եք, տիկի՛ն, ես դրա վրա ծախսել եմ հիսուն տարի և տասը րոպե»։