Արուսիկ Տիգրանյանը մի ուշագրավ գրառում է կատարել, որտեղ պատմել է, թե ինչպես էր տատիկը վերաբերվում ժամանակակից աշխարհին՝ մասնավորապես կանանց հագուկապին։ Գրառումն այնքանով է հետաքրքրական, որ արտացոլում է հայկական հին մշակույթից ու ավանդույթից ինչ-որ տարրեր։

Լրագրողը, ով այս շրջանում սպասում է առաջնեկի լույս աշխարհ գալուն, գրել է․ «Մի ժամանակ տատիկիս համար շալվար հագնելը խայտառակություն էր: Հիշում եմ՝ մի անգամ շալվար հագած դուրս եկավ բակ… մի՜ սթրես, մի՜ ամոթ:

Դա ա շատ բնական ա, քանի որ իրա պատկերացումները «բարոյականության» մասին կազմվել են մի ժամանակաշրջանում, երբ անհարմար երկար կիսաշրջազգեստն էր նորմալ ու ընդունելի:

Էսօր մեր սերնդի համար անհասկանալի ա էն պատճառահետևանքային կապը, որը կստիպի ամեն Աստծու օր հագնել անհարմար բարձրակրունկ, երկար սև «պառավական» յուբկա, «կամբինացի», սկեսրայրի հետ ամաչել շփվել, տղամարդկանց` չխնամել սեփական դեմքը, մազերն ու մարմինը, չնվագել սիրած «ղզիկական» գործիքը, ու էլի երևույթներ, որոնք սարսափելի անբարոյականություն էին համարվում: Բայց ինչի՞ մենք էսօր կարող ենք մեզ թույլ տալ մեր «ճոխ» կենսակերպը:

Որովհետև ժամանակին քիչ մարդիկ գլխի են ընկել, որ սեփական կոմֆորտը, ցանկությունները, հավեսը, ինքնագնահատականը շատ ավելի առաջնային են, քան հորինովի «բարոյականությունը», «նամուսը»,«աբուռը», որոնք էնքան անչափելի կատեգորիաներ են, որ միշտ կարելի ա դրանց տակ դնել տարբեր արժեքներ և մանիպուլացնել մարդկանց:

Իրանց հետևից բամբասել են ու ասել «բա դու հա՞յ ես», իրանց մասին լեգենդներ են հորինել ու աշխատել են հեռու մնալ: Էսօր ուզում եմ ասել, որ մեր ունեցած և չգնահատված լիքը ազատությունների համար պիտի շնորհակալ լինել էն մարդկանց, ովքեր իրենց ժամանակին դարձել են «իզգոյ»,«տարօրինակ» ու «անամոթ սև ագռավներ», բայց որոշել են առաջնորդվել սեփական հարմարավետությամբ և հագել են էդ անտեր շալվարը` քիչ-քիչ դա սովորական երևույթ դարձնելով իրենց երեխաների համար:

Հավատացեք էսօր էլ մենք ունենք լիքը անհասկանալի «բարոյական նորմեր», որոնց չհարմարվելով՝ կարող ենք ավելի առողջ ու հարմար միջավայր ստեղծել մեր երեխեքի համար: Եվ թքած՝ ինչ ամոթանք կտան կյանքից ու իրենք իրենցից հաճույք չստացող , սեփական կոմպլեքսների և վախերի դուբլյոնկի տակից դուրս չէկող քյարթերը»։