Ժամանակակից երիտասարդ գրող, հրապարակախոս Սյունե Սևադային ճանաչում են շատերը։ Սյունեն աչքի է ընկնում իր դիպուկ և ուշագրավ գրառումներով, որոնք վերցված են իրական կյանքից։ Այս անգամ էլ գրողը մի դրվագ է ներկայացրել, որով ցանկացել է ճիշտ ուղու վրա բերել որոշակի մարդկանց։ Եվ այսպես, Սյունեն գրում է․ «Սուպերմարկետում դիմացովս հիսունն անց մի կին էր քայլում՝ շատ կարճ ու սև մազերով, վառ վարդագույն շրթներկով, խիտ ծաղիկներով վերնաշապիկով։ Դեմքին՝ հայոց սուրբ մուննաթը․ հայացքը հենց բռնում ես, սկսում ես փոշմանել, որ ծնվել ես, որովհետև դե այ քեզ բան, էդ մարդու բաժին օդն ես շնչում, չի կարելի։

Ու էսպես ձիգ-ձիգ, հոնքերը վրա բերած, շրթունքները դժգոհության բեռի տակ ծռած քայլում է, անտարբեր նայում մթերքների շարքերին, կողքից էլ՝ Ալբերտը՝ յոթ-ութ տարեկան, պսպսղուն աչուկներովմի համով ճուտո։ Էս կինը վայրկյանը մեկ՝ Ալյբեռռռռծիկ, մեջքդ ուղղի՛ր (ուղիղ էր), Ալյբեռռռծիկ, դարակին ձեռք չտա՛ս (ձեռք չէր տալիս ու անգամ մոտ չի դարակին)։ Եվ այս ամենը՝ շանը հրաման արձակելու տոնայնությամբ։

Կասսայի մոտ հանդիպեցինք, էլի ինչ-որ անհոդաբաշխ հրամաններ էր արձակում երեխայի ուղղությամբ, որ, հավանաբար, թոռնիկն էր։ Կարելի՞ է իրեն ոչինչ չանել, որովհետև այդ ամբողջ ընթացքում ոչինչ, բացարձակ ոչինչ չի արել, բայց նոնստոպ ուղղում ու հանդիմանում են։

Չափահաս լիներ, կասեի՝ ախպեր ջան, կարող ա՞ մի հատ դուրս գանք ծխենք։ Վստահ եմ՝ չէր մերժի։ Բայց էդ ժամանակ էլ էդ կինը կասեր՝ Ալյբեռռռծիիիկ, գլանակը ուղի՛ղ պահիր։

Երեխաների սիրելի ծնողներ ու բարեկամներ, շատ եմ խնդրում, իջեք ձեր երեխաների մեջքից, դուք նրանց արդեն զզվացրել եք»։