Էլեն Սարուխանյանը մեկն է այն աղջիկներից, ով պատերազմում կորցրել է իր ամենաթանկին՝ եղբորը; Էլենը չի կարողանում ընդունել ու հաշտվել այս դաժան իրականության հետ։ Իրականություն, որ ոչ մի կերպ բանականության մեջ չի տեղավորվում։ Էլենն այս աշխարհում մենակ է։

Որքան էլ հավաքվում են շուրջը, միևնույնն է աղջիկը առանց եղբոր իրեն միայնակ է զգում։ Օրերս նա մի գրառում է կատարել համացանցային հարթակում, որը հուզում է մինչև հոգու խորքը։ Նա գրել է, որ «որբացած» բայը բառարաններում թարգմանվում ՝ ծնողներից զրկված։ «Ես ժխտում եմ բառարանների բացատրությունները, որովհետև ես որբացել եմ, երբ կորցրել եմ քեզ, ախպե՛րս։

Ես որբացել եմ էն պահին, երբ թշնամու գնդակը խոցել է քեզ ու զրկել ինձ եղբոր ջերմությունը զգալու երջանկությունից։ Հիմա ես կարոտ եմ շնչում ու արտաշնչում։

Ինը օր մնաց ծառայությանդ ավարտին Ղազա՜ր, բա դրանից հետո ի՞նչ անեմ, մինչև ե՞րբ սպասեմ, ինչքա՞ն սպասեմ, ա՜խր սպասումը հաճելի ա, երբ վերադարձ կա, բա էլ ի՞նչ սրտով ես ապրեմ, էլ ո՞նց ապրեմ լավ իմանալով, որ չես գա ոչ ինը օրից, ոչ ինը ամսից, ոչ էլ ինը տարուց, երբեք էլ չես գա, դուռը չես բացի, ասես էկել եմ, Է՛լս, էկել եմ․ կյա՛նքս։

Կարոտ կմնամ քաղցր ձենիդ, վարակիչ ժպիտիդ,մեղմիկ հայացքիդ, ոտնաձայներիդ, քո ամեն շարժումին ու խոսքին կարոտ կմնամ, Ղազա՜րս, իմ ուժեղ, իմ բարի․․․»,- գրել է անմահացած հերոսի քույրը։