Եռաշերտ նման չիզքքեյք ստանալու համար անհրաժեշտ է՝
Ստորին շերտ՝
300 գ շոկոլադե թխվածքաբլիթ
60 գ հալեցված կարագ
4-5 ճ/գ կաթ

Թխվածքաբլիթները բլենդերով անցկացնել մինչ մանրանալը, միացնել հալեցրած կարագը և 4 գդալ կաթ, ստանալ զանգված, որը ձեռքի ափում սեղմելիս կկպչի: Տարան պատել յուղաթղթով, պատերին բուսայուղ քսել և վրայից ևս մեկ շերտ յուղաթուղթ փակցնել: Լցնել փշրած թխվածքաբլիթները և տարածել։ Թողնել սառնարանում 40 ր:

Հիմնական մասի համար՝
10 գ անգույն ժելատին
60 մլ սառը ջուր
450 գ կաթնաշոռային սերուցքային պանիր
140 գ շաքարի փոշի
350 մլ սերուցք
60-ական գրամ 3 տեսակի շոկոլադ՝ սպիտակ, կաթնային, սև
6 ճ/գ կաթ շոկոլադը հալեցնելու համար (ամեն տեսակին 2 ճ/գ)

Ժելատինի վրա ջուր լցնել, թողնել մոտ 20 ր: Սերուցքը շաքարի փոշու հետ փոքր-ինչ հարել, հասցնել թթվասերի խտության, միացնել կաթնաշոռային պանիրը և ձեռքի հարիչով խառնել: Ուռած ժելատինը փոքր թավայում մի քանի վայրկյան տաքացնել, որից հետո հեղուկ ժելատինը միախառնել սերուցքային մասային: Ձեռքով խառնել մինչ կստացվի համասեռ զանգված և բաժանել 3 հավասար մասի:

Շոկոլադը հալեցնել թույլ կրակին 2 ճ/գ կաթով: Ամեն շերտը դնել սառցախցիկ 20-25 ր, ապա ավելացնել հաջորդ շերտը: Վերջում պատրաստի չիզքեյքը տեղափոխել սառնարան 6-8 ժամով և պատրաստ է մատուցման։