Այսօր համացանցը բուռն կերպով քննարկեց ու շարունակ քննադատեց նախօրեին Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված անմահացած հերոսների ծնողների հետ հանդիպումը։ Աննա Հակոբյանը հրավիրել էր հերոս մայրերին զրուցելու, կիսելու ցավն ու վիշտը և փոքր-ինչ թեթևացնելու նրանց։

Հանդիպումը ուղեցվել է ճաշկերույթով և փոքրիկ համերգային ծրագրով։ Համացանցում ակտիվորեն շրջանառվում է հանդիպման այն փոքրիկ հատվածը, որտեղ պարահրապակում կանայք են պարում։ Օգտատերերի որոշ հատված սկսել է քննադատել՝ նշելով, որ մայրերը մոռացել են իրենց վիշտը և նման ոչ կոռեկտ արտահայտություններ։

Այս տհաճ միջադեպին անդրադարձ է կատարել լրագրող Նանե Արզումանյանը։ Նա համացանցային իր հարթակում գրել է․ «Քառօրյա պատերազմում որդուն կորցրած մայր էր քիչ առաջ զանգահարել ու լացում էր․․․

Չգիտեի՝ ինչ ասել տիկին Մարինեին կամ ինչպես հանգստացնել: Ո՞նց եք մարսելու դուք այսքան ցավ պատճառելը այս մայրերին։ Ուզում եմ խնդրել բոլորիդ՝ փակեք այս թեման, մի փոքր մարդ գտնվեք և վերջացրեք։

Բոլորին էլ հավատացնում եմ՝ տեսանյութի մեջ, որտեղ տեսնում եք պարող կանանց, որևէ մեկը որդեկորույս չէ։ Այնտեղ կան բազմաթիվ դրվագներ, թե ինչպես են Մայրերը ողբում, տարածեք և հանգստացեք։ Տեսեք, թե ինչպես են տառապում և ժպտացեք․․․ Ժողովուրդ, չի կարելի»։