Այսօր՝ ապրիլի տասներկուսին, սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը նշում է իր ծննդյան 45-ամյակը։ Արսենն արմատներով Արցախից է։

Այս փաստով երգիչը հպարտանում է։ Նա Մարտակերտի Ծմկահող գյուղից է։ Սակայն ծնվելուց երեք տարի անց երգչի ընտանիքը տեղափոխվում է Հրազդան և մշտական բնակություն հաստատում Հայաստանի այս քաղաքում։

Քչերն են տեղյակ, որ Արսենը պատանեկության տարիներին տարված է եղել սպորտով․ նա զբաղվել է ֆուտբոլով, մականախաղով։ Տասնյոթ տարեկան էր և արդեն ուներ սպորտի վարպետի կոչում։

Նա նաև զբաղվել է քանդակագործությամբ։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ Տասնվեց տարեկանից զբաղվում է երաժշտությամբ։ Նրա՝ երաժշտության հետ մերձեցումը սկսել է կիթառ նվագելով։

Եվ ահա 2000 թվականից սկսել է անհատական գործունեություն վարել և մասնակցություն է ունեցել տարբեր միջոցառումների, համերգների ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։

Այդ տարիների ընթացքում Արսեն Սաֆարյանը հասցրել է սիրվել շատերի կողմից և կազմավորել երկրպագուների մեծ բանակ։