Ամանորն ընտանեկան տոն է, որը հնարավորություն է տալիս երկար ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, իսկ հավաքույթներն առավել ջերմ և հաճելի անցկացնելու համար հիանալի միջոց է համեղ սեղանը։

Քաղցրացրեք ձեր տոնական սեղանը մեր առաջարկած քաղցրեղենով։ Այն դժվար չէ պատրաստելը։

Անհրաժեշտ է՝
Թխվածքաբլիթներ — 300 գ
Կակաո — 20 գ
Հասած բանան — 3 հ․
Կաթնաշոռ — 300 գ
Քաղցրացրեք ձեր ցանկությամբ (շաքարավազ, մեղր, խտ․ կաթ)
5 հ․ ոչ մեծ մանդարիններ
Թխվածքաբլիթները կակաոյի հետ անցկացնել բլենդերով՝ վերածելով փշրանքների, ապա առանձնին տարայով բլենդերով անցկացնել նաև բանանը։

Այնուհետև այն միացնել փշրանքներին, վերածել միասեռ զանգվածի և 30 ր-ով տեղափոխել սառնարան։ Այդ ժամանակահատվածում պատրաստել կրեմը․ Կաթնաշոռը հարել ցանկացած տեսակի քաղցրով, իսկ չափը հարմարեցրեք ձեր քիմքին և հարել մինչ կստացվի համասեռ զանգված։

Սառնարանից դուրս բերել խմորը, գրտնակով ստանալ ուղղանկյուններ։ Պետք է գրտնակել յուղաթղթի վրայից․ սեղանին դրեք համապատասխան չափի յուղաթուղթ, վրան խմորը, իսկ խմորի վրա կրկին յուղաթուղթ։

Այնուհետև քսեք կրեմը, վրան դասավորեք մանդարինները, փաթաթեք, վրան ծորացրեք հալեցված շոկոլադ։ Դրեք սառնարանում 15 ր։