12-ամյա Ալբերտ Արմենակյանը այս տարի կդառնա Հայաստանի ներկայացուցիչը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում՝ բերելով մեր երկրի ձայնը եվրոպական բեմ։ Նրա անունը լսելի դարձավ Ֆրանսիայում՝ «Մանկական Ձայնը» նախագծում, որտեղ նա Պատրիկ Ֆիորիի հետ միասին ներկայացրեց «Դլե Յաման» երգը։ Այդ հուզիչ կատարումը ստիպեց ժյուրիի անդամներին հուզվել, իսկ հանդիսատեսին՝ հիշել, որ տաղանդն ու սրտի ջերմությունը չունեն տարիք։ 🎤✨

Այսօր Ալբերտը պատրաստվում է նոր, պատասխանատու և մեծ փորձությանը՝ «Մանկական Եվրատեսիլին»։ Երգի և տեսահոլովակի մանրամասները դեռ գաղտնի են պահվում, բայց տղան վստահ է՝ բեմում ամենակարևորը վայելելն է։ «Երբ դու սիրում ես այն, ինչ անում ես, լսողն էլ է դա զգում»,– ասում է նա։
Ալբերտը երգում է հինգ տարեկանից։ Նրա առաջին երաժշտական տունը եղել է Երգի պետական թատրոնը, որտեղ նա սկսել է իր առաջին քայլերը՝ ծանոթանալով բեմին և երաժշտության լեզվին։ Զուգահեռ նա ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին։ Մինչ այժմ էլ շարունակում է այնտեղ սովորել և զարգացնել իր երաժշտական լսողությունը։

Երգի պետական թատրոնը ավարտելուց հետո Ալբերտը սկսեց հաճախել Զարուհի Բաբայանի երգի ստուդիա։ Նա մեծ շնորհակալությամբ է խոսում իր ուսուցչի մասին․ «Զարուհի Բաբայանն ինձ հետ շատ լավ է աշխատում։ Մենք իրար շատ լավ ենք հասկանում։ Նա ինձ միշտ ոգևորում է ու տալիս կարևոր խորհուրդներ։ Այս անգամ էլ ասաց՝ ամենակարևորը վայելել բեմը և երգել սրտով»։
Ալբերտը վաղուց էր երազում «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու մասին։ «Երրորդ տարին էր, որ հայտ էի ներկայացնում։ Դա իմ երազանքն էր։ Շատ եմ աշխատել, և եթե չէր ստացվում, երբեք չէի հանձնվում։ Գնում էի դեպի երազանքս։» Այս խոսքերը հնչում են մեծ հասունությամբ, հատկապես՝ 12-ամյա երեխայի շուրթերից։

Երբ վերջապես երազանքը իրականություն դարձավ, ամեն ինչ տեղի ունեցավ անակնկալ ձևով։ Ալբերտին կանչել էին Հանրային հեռուստաընկերություն՝ իբր հարցազրույցի, որպեսզի ավելի լավ ճանաչեն մասնակիցներին։ Սակայն դա պարզվեց անակնկալ․ հենց այնտեղ Հանրայինի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նրան հայտնեց, որ ընտրվել է՝ մաղթելով հաջողություն։ Ալբերտն ասում է․ «Էմոցիաներս անհնար է բացատրել։ Երբ երազանքդ իրականանում է, դա բառերով հնարավոր չէ պատմել»։
Այս պահին ընթանում են երգի և տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները։ Թեև շատ բան դեռ չի բացահայտվում, Ալբերտը խոստանում է հետաքրքիր և նորարար ձևաչափ․ «Այս տարի ձևաչափը մի փոքր այլ է։ Նման ժանր վերջին տարիներին Հայաստանում չի եղել։ Շուտով ամեն ինչ կտեսնեք»։

Բացի երաժշտությունից, Ալբերտը հետաքրքրվում է նաև նկարելու և արհեստական բանականության միջոցով ստեղծագործելու արվեստով։ «Ես պրոֆեսիոնալ չեմ նկարում, բայց երբ մենակ եմ տանը, սկսում եմ նկարել այն, ինչ զգում եմ։ Շատ եմ սիրում նաև ԱԲ գործիքներով երաժշտություն ստեղծել և պատկերներ գեներացնել։ Դա ինձ հանգստացնում է ու ոգեշնչում»։
Դպրոցում նրան բոլորը սիրում ու աջակցում են։ Դասընկերներն ուրախացել են, երբ իմացել են նրա հաղթանակի մասին, և ուսուցիչները ըմբռնումով են մոտենում, երբ երբեմն բացակայում է փորձերի պատճառով։ Ալբերտը շնորհակալ է բոլորից՝ իր կողքին լինելու համար․ «Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերության թիմին, դասընկերներիս ու ուսուցիչներիս՝ իրենց սիրո ու աջակցության համար»։

Իսկ նրանց, ովքեր այս տարի չեն ընտրվել, Ալբերտը փոխանցում է իր մանկական, բայց հասուն հնչողությամբ խորհուրդը․
«Երբեք չհանձնվել։ Երազանքը պետք է դարձնել նպատակ։ Եթե հավատաք ու աշխատեք, մի օր անպայման կկատարվի»։
Այս պատմությունը ոչ միայն մի երիտասարդ տաղանդի մասին է, այլև հիշեցում բոլորիս՝ երբ սիրտդ լցնում ես երաժշտությամբ, հավատով և ջանքով, բեմը միշտ իր ժամանակին կբացվի քո առաջ։ ✨