Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան հարթակն օգտագործում է քաղաքական իր վերլուծություններն ու գնահատականը հանրությանը մատուցելու համար։

Վերլուծաբանը երբեմն իր զայրույթն է արտահայտում այս կամ այն անարդար իրադրության վերաբերյալ։ Այս անգամ Հանրային խորհրդի նախագահը սոցհարթակում մի գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի սանձարձակ պահվածքին։

Նա խորին զարմանք է արտահայտել, որ աշխարհում ոչ ոք նրան չի կարողանում գոնե նստացնել բանակցությունների սեղանի շուրջ։ Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Այն որ արցախյան երկրորդ պատերազմը տանուլ տված Հայաստանը թուլացած է ու միջազգային անվտանգության կարիք ունի, հիմնավորելու ու պատճառաբանելու կարիք չկա։

Բայց որ միջազգային հանրությունը չկարողանա կամ չուզենա մի սանձարձակ, լկստված խանիկի հարցերը դնի ու լուծի, ու բոլոր առանցքային երկրների դեսպաննների՝ Սյունիք, Գեղարքունիք ու Երասխ հայցելություններով ուղերձ հղի սանձարձակ, միջազգային կարգին ձեռնոց նետող խուլիգանին, այ սա արդեն բացատրություն չունի։

Ո՛չ կարողանում են սեղանի կողքը նստացնել, ո՛չ կարողանում են պարտադրել, որ իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները կատարի, ոչ իրենց մանդատն են կարողանում աշխատացնել․․․ Քիչ է մնում միջազգային հանրությանն ու Մինսկի խմբին մի հատ էլ մենք հարցնենք, թե ինչո՞վ կարող ենք օգնել․․․»։