Անչափ ախորժելի տեսքով և հավատացնում ենք, որ նաև անչափ համեղ այս տորթի պատրաստումն անչափ հեշտ է։ Այո՛, հասկանում ենք, որ անհավատալի է թվում, բայց մեկ անգամ պատրաստելուց հետո ինքներդ կհամոզվեք և անգամ խորհուրդ կտաք պատրաստել այն ձեր մտերիներին։

Եվ այսպես, առաջարկում ենք պատրաստել տորթի համար նախատեսված երեք բաղադրչները․
Խմոր՝
Թթվասեր — 200 գ
Ալյուր — 3 բաժակ
Շաքարավազ — 200 գ
Սոդա — 1 թ․գ․
Կրեմ՝
Թթվասեր — 500 գ
Շաքարի փոշի- 150 գ

Թթվասերը, շաքարավազը միասին լավ խառնել, ապա ավելացնել ալյուրը, որի մեջ նախապես պետք է հավելել սոդան և լավ խառնել։

Այս ամենը միախառնել գդալով, ապա փոքր-ինչ անց խմորը տեղափոխել ալյուրոտ սեղանի վրա և ձեռքերով հունցել ու ստանալ փափուկ խմոր, այնուհետև այն բաժանել ութ հավասար մասերի։ Դրանցից յուրաքանչյուրը գրտնակով բացել, ափսեի օգնությամբ ստանալ գեղեցիկ շրջանակ և թխել չոր թվայում երկու կողմից։

Կրեմի պատրաստման համար թթվասերը և շաքարի փոշին լավ խառնել և միացնել խմորային շերտերը միմյնաց։ Զարդարել այնպես, ինչպես որ կցանկանաք։ Այստեղ օգտագործված է թխվածքաբլիթների փշրանքներ։