Վերջերս տեղեկացրել էինք, որ առաջիկայում սիրված երգիչ Հայկոյի հիշատակին նվիրված համերգների շարք է նախատեսվում։ Օգոստոսին կկայանա երևանյան համերգը, իսկ սեպտեմբերին՝ ամերիկյանը։

Համերգը կազմակերպում են Հայկոյի ընկերները, հարազատները։ Այս մասին գրառում է կատարել Հրաչ Քեշիշյանը։ Նա հանրայացրել է Հայկոյի արխիվային լուսանկարը, որին էլ կից գրել է․ «Տարիներ առաջվա ֆոտոսեսիայի փորձնական (չստացված) կադր է:

Շատ իսկական ա… ու, որ էսօր տեսա, մի տեսակ ջերմություն անցավ միջովս: Շուտով Հայկոյի համերգների շարքն է: Հայկոյի համերգները՝ իր շնչով, իր նոտաներով, իրեն սիրող, գնահատող, իրեն կարոտող և իրենից ոգևորվող ու ոգևորված մարդկանցով:

Հիմա կոնկրետ երևանյան համերգի մասին: Սերը սիրուց հետո՝ կարոտով… հենց նրա ծննդյան տարեդարձին՝ օգոստոսի 25-ին, Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հայկոյի երգերը, Հայկոյի կինոերաժշտությունը, Հայկոյի մտքերը և Հայկոյի անսահման աշխարհը՝ հայտնի արտիստների մեկնաբանությամբ և մեծ նվագախմբի կատարմամբ։ Մենք նշելու ենք Մեծ Արտիստի ծննդյան տարեդարձը միասին»։