Անմահացած հերոսների ներկայությունը մեր ողջ կյանքի ընթացքում պիտի լինի։ Մեր կյանքը ապահովեցին հենց նրանք՝ իրենց հայրենասիրությամբ, որն այնքան ուրիշ հայրենասիրություն է, որ պատկերացնելն անգամ բարդ ու դժվարին է։

Դա հայրենասիրություն է կյանքի գնով ու կյանքի համար։ 2020-ը արհավիրք բերեց հայի գլխին և այն շարունակվում է։

Այդ արհավիրքի շարունակությունը բնակություն հաստատեց ամեն հերոսի լույսը մարած օջախում։ Հերոսածին հազարավոր մայրերի թաց աչքը մնաց սպասումով։ Շատ ընտանիքներում կյանքի շարունակությունը գտան նոր երեխայի ծննդի մեջ։

Նրանք նոր կյանք տվեցին իրենց հերոսներին մեկ այլ մարմնում։ Այս նյութում ներկայացնում ենք Կարեն Միրզոյանի եղբորը։

Կարենն ասես վերածնվել է և մխիթարություն ու ապրելու իմաստ հաղորդել հերոսածին մայրիկին։ Վարը ներկայացված տեսանյութում վերածնված Կարեն Միրզոյանն է, ում մանկան մաքուր ու անկեղծ քրքիջը հուշում է, որ կյանքը շարունակվում է և հերոսները կան։ Հավերժ փառք, նրանց սխրանքն անմահ է, հավերժական․․․