Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ օրերս լույս աշխարհ է եկել հերոսի եղբայր։ Հերոսը Մխիթար Գալեյանն է, ում մայրն էլ լույս աշխարհ բերեց մեկ այլ Մխիթարի։

Փոքրիկ Մխիթարը մի քանի օրական է և այնքան փոքրիկ։ Եվ այդ փոքրիկ էակն այնքան ջերմություն, ուրախություն ու կյանքի հանդեպ քաղցրություն ու հավատ է բերել։ Ինչպես հերոսի հայրն է իր խոսքում նշել՝ փոքրիկ Մխիթարը եկավ մխիթարելու, փարատելու իրեն և ընտանիքի անդամներին։

Փոքրիկն իր գոյությամբ ապրելու ու կրկին արարելու հույս է բերել, դարձել ծնողների ապավենը։ Հերոսի մայրը և՛ ուրախ է, և՛ տխուր։

Վերջերս Աստղ Գալեյանն իր սրտի խորքում թաքցնելով տարօրինակ հույզերն ու զգացողությունները՝ վերջապես այն կիսելու, թեթևանալու ճանապարհն ընտրել է։

Նա համացանցային իր հարթակում գրել է․ «Սրտիս մի մասը՝ սև, մի մասը՝ սպիտակ, մի աչքով ցավի, տխրության արցունքներ, իսկ մյուս աչքով ուրախության արցունքներ, շրթունքիս մի հատվածը Մխիթար ասելիս ցավից դողում է, մյուս հատվածը Մխիթար ասելիս ուրախությունից ցնծում է․․․ չգիտեմ էս ինչ դաժան է կյանքը»։