Էդմոն Մարուքյանը համացանցային տիրույթում «Սանկցիաներ կիրառեք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիևների կլանի դեմ» վերտառությամբ գրառում է կատարել, որտեղ մինչ կոչը հղելը շնորհակալական խոսք է ուղղել եվրոպայի երկրների ղեկավարներին, որոնք պարբերաբար իրենց մտահոգություններն են հայտնում Հայաստանի սահմանային իրադրության վերաբերյալ։

Ապա նշել է, որ Արևմուտքը կարող է ցուցաբերել իրական օգնություն, այն է՝ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի և Ալիևների կլանի դեմ։

Մարուքյանը նշել է՝ սանկցիաները միակ սթափեցնող միջոցն են , որ կկանգնեցնեն զավթողի մտածելակերպ ունեցող Ալիևին։ Սանկցիաների կիրառումը կկասեցնի ագրեսիվ գործողություններն ուղղված Հայաստանի պետական տարածք։

«Օգնեք մեզ՝ սանկցիաներ կիրառեք ինչպես Ադրբեջանի և Ալիևների կլանի դեմ, և դա կլինի լավ աջակցություն հայ ժողովրդին»,- գրառումն ավարտել է Մարուքյանը։

Բազմաթիվ օգտատերեր հավանության են արժանացրել պատգամավորի կոչը և հույս հայտնել, որ Արևմուտքն ականջալուր կլինի կոչին և օգնության ձեռք կմեկնի Հայաստանին։