Ինչպես հայտնի է, օրերս Բելառուսում Ադրբեջանի դեսպան Իսֆանդիար Վագաբզադեն մի տեսաուղերձ է տարածել, որտեղ վիրավորական խոսքով է հանդես եկել՝ ուղղված Ժիրինովսկուն և ռուսներին։

Նա Ժիրինովսկուն անվանել է «ճարպոտ խոզ», «հին էշ», «բուրում ես, ինչպես խոզը» և նման այլ տգեղ արտահայտություններ։ Նախկին դեսպանի տեսաուղերձը լայն քննարկումների առիթ է դարձել։

Ադրբեջանցի դիվանագետը որպես դեսպան աշխատել է ոչ միայն Բելառուսում, այլ նաև Մոլդովայում, Պակիստանում։ Իսֆանդիար Վագաբզադեի կողմից հնչած վիրավորական արտահայտությունները անպատասխան չմնացին։

Մի շարք ոլորտի ներկայացուցիչներ՝ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, իրենց վրդովմունքն են արտահայտել պաշտոնյայի ոչ պատշաճ պահվածքի վերաբերյալ։ Ռուսաստանը պաշտոնապես պատասխանել է նախկին դեսպանին։ Ռուսաստանի ՆԳՆ-ն արգելել է ադրբեջանցի պաշտոնյային մուտք գործել Ռուսաստան։ Արգելքը գործելու է 50 տարի։

ՆԳՆ-ն հայտարարել է, որ ազգամիջյան թշնամանք հրահրող, իրենց բնակիչների և արտասահմանում բնակվող հայրենակիցների նկատմամբ ապակառուցողական գործողությունների կոչ անող օտարերկրյա քաղաքացիներին թույլ չեն տա մուտք գործել երկրի տարածք: