Երեկ մարզահամերգային համալիրում տիրում էր հուզիչ մթնոլորտ․ կազմակերպված էր համերգային ծրագիր, որն ուներ բարեգործական հիմունքներ։ Միջոցառումը կրում էր «Արցախի ձայնը» խորագիրը։

Մասնակցում էին «Արցախի ձայնը» խումբը, Սևակ Խանաղյանը, Գոռ Սուջյանը, Շուշան Պետրոսյանը և այլ երգիչ, երգչուհիներ։ Ներկա են գտնվել նաև պատերազմին մասնակից զինվորներ իրենց ընտանիքների հետ։

Համերգային ընթացքն անչափ հուզիչ է եղել, հատկապես այն պահը, երբ Շուշան Պետրոսյանը կատարել է «Անունս Արցախ է» ստեղծագործությունը։

Հուզվել է և՛ երգչուհին, և՛ հանդիսատեսը։ Երգչուհին իր խոսքում նշել է, որ վերջին շրջանում հայտնի պատճառներով փխրուն է դարձել։ Նշել է, որ պայքարի մտքից չպետք է հրաժարվել։

Համերգն անցկացրել է Գոռ Գլումովը, ով պատերազմական օրերին առաջնագծում է եղել։ Նա իր խոսքում անդրադարձել է Ղազանչեցոցի գմբեթի ավերմանը և նշել, որ այն կվերականգնենք։

«Ո՞վ ասաց, որ պետք է մեկ անգամ ազատագրենք Շուշին, գուցե մեր մեղքերի համար Աստված մեզ պատժեց՝ ասելով, որ պետք է պայքարենք ու ապացուցենք, որ ուժեղ ենք»,- ասել է Գլումովը։

Յուրաքանչյուր արտիստ իր խոսքում լավատեսություն և հույս է հայտնել, որ ամեն բան լավ կլինի։ Նյութին կից ներկայացված լուսանկարներում կարող եք ականատես լինել միջոցառման հետաքրքիր դրվագներին և հայտնի դեմքերին։