Այսօր գումարվել է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում ամենառանցքային և ամենաքննարկվող հարցը պատգամավորական ծախսը 50 հազարից 250 հազար դարձնելն էր։ Այն քննարկվեց և դատապարտվեց շատերի կողմից։

Նաիրա Զոհրաբյանն այս մասին խոսելիս՝ երևույթը անբարոյականություն որակեց։ Մանրամասնելով խոսքը՝ նշել է, որ գտնում է՝ պատգամավորը պիտի արժանապատիվ վարձատրություն ունենա, սակայն հիմա դրա ժամանակը չէ։ Այնուհետև զավեշտալի է համարել պատգամավորական ծախսը բարձրացնելու պատճառը, այն է՝ որպեսզի պատգամավորը գնա և հանդիպի ընտրողի հետ։

Զոհրաբյանը իրեն համարել է առաջիններից մեկը այն պատգամավորների շարքում, որ մշտապես հանդիպումներ է ունենում ընտրողների հետ և դրա համար իրեն լրավճար անհրաժեշտ չի եղել։ Նշել է՝ երեկ եղել է Արմավիրում և հանդիպել ռազմագերիների ծնողների հետ։

Ընդգծել է՝ առաջիկայում այլևս որպես պատգամավոր նման հանդիպումներ, հայանպաստ աշխատանքներ չի կատարի, բայց շարունակելու է գործը թե՛ քաղաքական ոլորտում, թե՛ հասարակական։

Նաիրա Զոհրաբյանի խոսքը մանրամասնությամբ դիտեք վարը ներկայացված տեսանյութում։