Գագիկ Ծառուկյանը Կենտրոն համայնքում համակիրների հետ հանդիպում է ունեցել։ Իր ելույթում խոսել և ներկայացրել է, թե որոնք են երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները, ապա ցույց տվել, թե ինչպես կարելի է լուծել այդ խնդիրները։

Առաջնահերթ կարևորել է երկրի անվտանգությունը, ապա տնտեսության զարգացումը։ ԲՀԿ առաջնորդն ընդգծել է, որ հակառակ դեպքում ժողովուրդը կործանման եզրին է։ «Երկիրը զարգացնելու համար անհրաժեշտ է երկուսից չորս միլիարդ գումար տնտեսության մեջ ներդնելու համար»,- նշել է Գագիկ Ծառուկյանը։

Այնուհետև խոսել է բնակարանաշինության կարևորության մասին՝ ընդգծելով որ երիտասարդները բնակարան չունենալու պատճառով վերջին պլան են մղում ամուսնությունը, ընտանիք կազմելը և առաջարկում է աննախադեպ պայմաններով բնակարանի ձեռքբերում։ Մեծ նշանակություն է տվել Ռուսաստանի հետ բարեկամությանը, որը շատ կարևոր է ամրացնել ոչ թե խոսքով, այլ իրատեսական սկզբունքներով։

Ելույթի վերջում հաստատել է, որ ընտրությանը գնում է իր թիմով և չի պատրաստվում համագործակցել քաղաքական որևէ ուժի հետ։ «Որ ոլորտի վրա ձեռս դրել եմ, զարգացրել եմ, ծաղկացրել եմ, ազգիս պատիվը բարձր եմ պահել ցանկացած ոլորտում, ցանկացած բնագավառում։

Մարդը պետք ճանաչում ունենա, խոսք ունենա, ընկերություն ունենա, հարգանք ունենա, վստահություն լինի, որ մարդ իր խոսքը պահող ա, որ մարդ կարա կազմակերպի»,- ամփոփել է ելույթը Գագիկ Ծառուկյանը։ Տեսանյութը՝ կից։