Ինչպես արդեն գիտեն շատերը՝ մի քանի օր է, ինչ Ռոմելա Մուսայելյաը խնդրանքով դիմել էր հայ հանրությանը, որպեսզի այն մարդիկ, ովքեր Ամանորին այցելելու էին Եռաբլուր, անպայման այցելեն նաև իր թոռնիկին՝ անմահացած հերոս Արթուր Եղիազարյանին։

Տատիկը սրտնեղում էր, տխրում, որ թոռնիկի շիրիմին այդ օրը ոչ ոք չի այցելի և հերոսի շիրիմը լքված կմնա։ Արթուրի ծնողներն ապրում են Ռուսաստանում, իսկ տատիկը՝ Արցախում է, շրջափակված։

Ռոմելա Մուսայելյանն իր խոսքում նշում էր՝ իմ ճամփան փակ է, մարդի՛կ, այցելեք նաև Արթուրիս շիրիմին, որ աչքը ճամփին չմնա։ Իսկ մարդիկ անտարբեր չմնացին։

Բազմաթիվ մարդիկ շտապեցին Եռաբլուր և անտարբեր չանցան Արթուրի շիրմաքարի կողքով։ Համացանցանային հարթակներում պտտվում է մի լուսանկար, որտեղ մի խումբ հայրենակիցներ այցելել են Արթուրին և հարգանքի տուրք մատուցել հերոսին։

Լուսանկարը կարծում ենք կհասնի նաև հերոսի տատիկին, ում սիրտը կխաղաղվի՝ տեսնելով, որ հերոս թոռան աչքը ճամփին չմնաց։ Լուսանկարը՝ կից։