Մովսես Հակոբյանին հարուցած գործը քննարկումների ալիք է բարձրացրել։ Այդ քննարկումների շրջանակում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ասել է, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, թե հայ գեներալները ասել-խոսելու, գրել-ջնջելու մոտեցում են ձեռք բերել և զարմանալի է, որ նման մարդիկ դեռ փորձում են քննադատել։

Սիրունյանը զարմանում է, որ շտաբի պետ եղած բարձր կոչումով զինվորականը կարող է ասուլիս տալ ու բաներ պատմել։ «Լրի՞վ եք գժվել»,- որակել է փաստաբանը։

Հակոբյանին հարուցված քրեական գործը նրա կողմից ասուլիսին տարածած ռազմական գաղտնիություն պարունակող տեղեկության վերաբերյալ է։ Տեղեկությունը սպառազինության ձեռքբերման պլանի մասին է եղել, բայց ասուլիսից հետո հարցազրույցներից մեկում գեներալն իրեն հերքել էր։

Փաստաբան Սիրունյանը պնդում է, որ եթե ասուլիսին հնչեցված տեղեկությամբ է պայմանավորված հարուցված քրեական գործը, ապա դա վաղուց պիտի հարուցվեր։ Փաստաբանը զարմանում է, որ գեներալներից մեկը «կյանքն է պատմում», մյուսները հայտարարությամբ են հանդես գալիս, ապա հրաժարական պահանջում։

Փաստաբանը նշել է, որ դա ծիծաղելի է և զարմանում, որ նրանք գեներալ են կոչվում։ Հակոբյանին հորդորել է կողմնորոշվել՝ քաղաքական, հասարակական գործիչ է, թե՞ գեներալ։