Էդմոն Մարուքյանը համացանցային իր հարթակում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ադրբեջանական հերթական սանդրանքներին։

Քաղաքական գործիչը նշում է, որ Ադրբեջանն օգտվում է ռուս-ուկրաինական պատերազմից և ամենօրյա ռեժիմով սանդրանքների է դիմում ։ Հակառակորդն օրերս կրակ է բացել Երասխի ուղղությամբ, որտեղ մեկ զոհ և վիրավոր ունեցանք, այժմ Խրամորթում կրակում է խաղաղ բնակիչների ուղղությամբ և հայտարարում ու հորդորներ հղում, որպեսզի նրանք դուրս գան տարածքից։

Ադրբեջանը թույլ չի տալիս, որ գազատարերը նորոգվեն՝ Արցախը թողնելով առանց գազի։ Մարուքյանը հավելում է, որ այս իրավիճակը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին իսկ օրերին ինքը կանխատեսել էր։

«Այս պայմաններում մենք պետք է հասկանանք, որ հույսներս պետք է միայն մեզ վրա դնենք, որևէ երրորդ ուժ այս խառը աշխարհում մեր խնդիրներով չի զբաղվելու, որևէ երրորդ ուժ մեր թշնամիների և հարևանների հետ մեզանից լավ չի բանակցելու և մեր շահերը չի պաշտպանելու:

Հայ ժողովրդին այս պայմաններում մի բան է պետք` ՄԻԱՍՆՈւԹՅՈւՆ ընդդեմ բոլոր մարտահրավերների և, որքան էլ որ գայթակղությունը մեծ է, չտրվել մեզ հետ կապ չունեցող աշխարհաքաղաքական օրակարգերին: Միայն այդպես կարող ենք մեր իրավունքներն ու շահերը պաշտպանել»,-գրել է Մարուքյանը: