«Կներես, որդի՛ս, կներես ապրելուս համար․․․»․ հերոսածին մոր անծայրածիր կարոտի մասին


Հրամանատար Արտուշ Արզումանյանին շատերն են ճանաչում։ Նա երկու որդիների հայր էր և այժմ նրա տունը Եռաբլուրն է։ Հերոսացած հրամանատարի քույրը հայտնի լրագրող Նանե Արզումանյանն է, ով համացանցային տիրույթում մշտապես խոսում է եղբոր մասին և պատմում իր անծայրածիր կարոտի ու վշտի մասին։

Արտուշ Արզումանյանի մայրը դեռ անցյալ տարի անչափ հուզիչ գրառում էր կատարել որդու մասին։ Նանեն այդ գրառմամբ վերստին կիսվել է։ Տարիները ընտանիքի հույզերը չեն փոփոխել; Կարոտն է՛լ ավելի է մեծացել։

Գրառումը հետևկյալն է․ «10 ամսվա մղձավանջ. վերջին հրաժեշտդ միշտ ուրվագծում է դատարկ օրերս, հայացքդ` անվերջ հետս… Կներես, որդի՛ս, կներես ապրելուս համար, կներես քո կյանքի գնով ապրելու համար… Դու պիտի ապրեիր, տղա՛ս, պիտի ապրեիր տղաներիդ համար…

Որքան կհպարտանայիր՝ տեսնելով Արայիս զինվորական հագուստով, ախր հենց դու նրան պիտի բանակ ճանապարհեիր, որ յուրաքանչյուր սպայի մեջ քեզ չփնտրեր… Որդի՛ս, կարոտել եմ անասելի ու անչափ, սև դարձած օրերի գրկում թանձր օդն էլ է մահ շնչում. չկաս դու, չկանք մենք…

23 տարի պահեցիր հայրենիքդ ու մի օր չապրեցիր մեզ համար, որովհետև մերը չէիր, դու ազգինն ես, դու բարձր ես… Որդի՛ս, երանի կարողանայի կանաչ աչքերդ համբուրել, կներես ինձ, տղա՛ս, կներես…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: