Անմահ հայորդիներից յուրաքանչյուրը հայրենասեր էր, նվիրված հայրենիքի պաշտպանությանը։ Նրանց անունները բարձրաձայնել է պետք և հպարտանալ, փոխանցել սերունդներին ու պատվիրել հպարտանալ՝ բարձր պահելով յուրաքանչյուրի անունը։

Այս նյութում կգտնեք մի սպայի մասին, ով մեծ հայրենասեր էր, հայրենիքի իսկական պաշտպան, արծիվ, որի թևերը ծածկեց հայրենիքը և պաշտպանեց ինձ ու քեզ։

Նա անսահման սիրում էր իր զինվորներին։ Անմահ հերոս Գոռ Գրիգորյանը կարգապահ, հայրենասեր և հայրենիքին նվիրված սպա էր։ Հայրը խոր թախիծը աչքերում պատմում է որդու մասին և նշում՝ ինքն այդպիսի լավ, դրական բոլոր հատկանիշներով օժտված զավակ չի եղել ծնողների համար, ինչպիսին իր որդին էր՝ Գոռը։

«Տղաս իսկական որդի էր, եղբայրս էր, հպարտությունս։ Սիրում էր ընտանիքը, հայրենիքն և մեծ հպարտությամբ խոսում զինվորների մասին»,-պատմում է հերոսի հայրը՝ Բաբկեն Գրիգորյանը, այնուհետև հավելում՝ որդին մեծ հայրենասեր էր։

Տասնյոթ տարեկանից բանակում էր և ծնողները միշտ սպասել են որդուն, որ ուր որ է կբացի դուռը։ Հայրն ասում է, որ այսօր էլ և միշտ սպասելու են, որ Գոռն ուր որ է կբացի դուռը։ Նրանց ծնողները նույնպես հերոսներ են, որ կարողանում են դիմակայել այս մեծ ցավին․ ցավ, դառնություն, մշտական և անսպառ կարոտ՝ անվերջանալի, անծայրածիր։