Հայ մեծերի հանդեպ որպես հարգանքի մի ձև, մոտեցում, փողոցները նրանց անուններով անվանակոչելն է։ Այդպես նրանք շարունակում են մնալ քաղաքացիների շուրթերին, հիշվել և ապրել, քանզի նրանք ապրում են այնքան ժամանակ, որքան նրանց անունն ու գործը հիշվում ու խոսվում է։

Եվ ահա տեղեկություն է տարածվել այն մասին, որ Երևանի փողոցներից մեկը կկոչվի սիրված արտիստ Կարպ Խաչվանքյանի անունով և ոչ միայն։

Օրերս կայացած Երևանի ավագանու նիստի ժամանկ ընդունվել է մի որոշում, ըստ որի՝ Երևանի մի շարք փողոցներ կստանան նոր անվանումներ։

Փողոցներ կանվանվեն հետախույզ Գևորգ Վարդանյանի, աշխարհահռչակ հայ դիրիժոր Օհան Դուրյանի, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի, խորհրդային գրող և Արցախյան պատերազմի մասնակից Լևոն Խեչոյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի, բանաստեղծներ Հրաչյա Թամրազյանի և Սլավիկ Չիլոյանի պատվին, ինպես նաև կլինի «Բժիշկների փողոց»։

Քաղաքում կտեղադրվեն նաև հուշատախտակներ՝ ի պատիվ գիտության և տեխնիկայի բնագավառում ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Միշիկ Ղազարյանի, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանի։