Առողջ բաունտի։ Երևի զարմանալի արտահայտություն է, բայց հավատացնում ենք, որ հետևելով մեր առաջարկած բաղադրատոմսին՝ դուք ոչ միայն կդադարեք զարմանալ, այլև հաճախակի կպատրաստեք այս անմահական կոնֆետները։ Այն կարելի է նաև տալ երեխաների՝ չանհանգստանալով չափից դուրս քաղցրի օգտագործման համար։

Անհրաժեշտ է՝
180 գր կաթնաշոռ
1 ճ գ բնական մեղր
100 գր կոկոսի քերուկ
200 գր առանց շաքարի շոկոլադ

Կաթնաշոռը, մեղրը և կոկոսի քերուկը լավ խառնել մինչ կստացվի միասեռ զանգված։ Զանգվածից առանձնացնում ենք գնդիկներ և ձևավորում բաունտի հայտնի կոնֆետների տեսքով։ Ստացված կոնֆետները տեղափոխել սառցարան (20-25 րոպեով):

Հաջորդիվ գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը։ Կոկոսային բատոնները թաթախում ենք շոկոլադի մեջ, փայտիկով ստանում ենք նախշեր և կրկին ուղարկում սառցարան (այս անգամ 15 րոպեով)։

Եվ ահա, ա՜յ քեզ հրաշք՝ համե՜ղ, առո՜ղջ, սպիտակուցային բաունտին պատրաստ է։ Կարելի է վայելել և ընդհանրապես չանհանգստանալ քաղցրի չարաշահման համար։