Հազարավոր տղաների հայրենիքը գիրկն առավ ու ամուր գրկեց․․․ անվերադարձ։ Արցունքն աչքերին հարազատը մնաց հայացքը ճանապարհին հառած, կարոտը՝ սրտում։ Արևն ու կյանքը զգալու, տեսնելու համար ի մահ պարտական ենք հայրենասիրական վեհ գաղափարներով օժտված տղաներին։

Շնորհիվ նրանց անկոտրում կամքի այսօր կանք ու պիտի լինենք ու դեռ շատանանք։ Ճանաչենք նրանց անուն առ անուն և տեսնենք նրանց ուժն ու կորովը, նրանց կյանքի շարունակությունը նրանց երեխաների մեջ։

Անմահացած հերոսների շարքին դասված երկու երեխաների հայրը հայրենիք տվեց նրանց, սակայն հայրենիքն առանց նրա է։ Հավերժի ճամփորդ դարձած հերոսը Մովսեսյան Ներսեսն է։

Նա երկու հրաշալի երեխաների հայր էր։ Այսօր, երբ չկա հայրը, երեխաները օրերն անցկացնում են հայրիկի լուսանկարները դիտելով, կարոտը գոնե այդպես առնելով։

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ հերոսի 2 երեխաներն են․ աղջիկը բանաստեղծություն է արտասանում հայրիկի լուսանկարներով պատրաստված անկյունի առջև և կարոտով համբուրում հոր լուսանկարը, այնուհետև մոտենում և լուսանկարը համբուրում է որդին։ Տեսանյութն առանց արցունքների անհնար է դիտել։