Այսօր՝ օգոստոսի տասին, Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է։ Հայտնի դերասանը կդառնար 97 տարեկան։ Դերասանի ծննդավայրն Իրանում է։ Կրթությունը նույնպես ստացել է Իրանում․ Թեհրանի ամերիկյան, ապա պարսկական քոլեջներում։ 1941 թ․ եկել է Հայաստան։

Մի առիթով դերասանն ասել է, որ թեպետ հայրենադարձ է, սակայն չի պատրաստվում երբեք արտագաղթել։ «Իմը ուրիշին չեմ սիրում թողնել»,- ընդգծել է Մանարյանը։ Եկել է Երևան և սովորել թատերական ինստիտուտում՝ ռեժիսուրայի ֆակուլտետում։

Աշխատել է Պարոնանի, Սունդուկյանի, Թումանյանի անվան թատրոններում։ Նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում և հանդես եկել թատրոնի բեմում, հիացրել թե՛ հեռուստադիտողին, թե՛ հանդիսատեսին։

Մանարյանը Երևանի պատվավոր քաղաքացի էր, նրան շնորհվել է «Արտավազդ» մրցանակ և հանդիսանում էր ՀՀ վաստակավոր արտիստ։ Շուշիում բացվել էր տիկնիկային թատրոն, որը կրում է Երվանդ Մանարյանի անունը։ Դերասանն անչափ մտահոգված էր հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ։

Նշել էր, որ հարևանությունն էլ Աստծո շնորհածն է և այն փոխել հնարավոր չէ։ Պետք է հաշտության եզրեր փնտրել։ Ընդգծել էր, որ ժամանակին իր լավագույն ընկերներից մեկը ադրբեջանցի է եղել։