Օրը քաղցրացնելու համար այսօր պատրաստեք այս նուրբ, փափուկ, վանիլային բուլկիները, որոնք շատ հեշտ են պատրաստվում և հավատացնում ենք՝ կդառնան ձեր սիրելիների կողմից սիրված քաղցր ուտեստ։
Անհրաժեշտ է՝
Տաք կաթ — 250 գ
Խմորիչ — 6 գ
Հավկիթ — 1 հ․
Շաքարավազ — 80-100 գ
Վանիլ — 20 գ
Աղ — 0,5 գ
Ալյուր — 500 գ
Բուսայուղ — 40 մլ
Կարագ — 60 գ
Տաք կաթի մեջ հավելել խմորիչը, ընդհանուր չափաբաժնից 1 ճ․գ․ շաքարավազ և 4 ճ․գ․ ալյուր՝ կրկին ընդհանուր չափաբաժնից: Խառնել, թողնել 5-10 ր։ Երբ խմորիչն արդեն ակտիվացված է, կրկին խառնել և միացնել շաքարավազը, հավկիթը, աղը։ Այստեղ պետք է ներկայացնենք մի նկատառում․ բոլոր բաղադրամասերը սենյակային ջերմաստիճանի պիտի լինեն։ Միացնել վանիլն ու բուսայուղը, ապա դանդաղորեն, խառնելու հետ միաժամանակ լցնել ալյուրը և 5-10 ր հունցելով ստանալ էլաստիկ խմոր։
Կարագը դնել խմորի հետ ձեռքերով հունցել այնքան, մինչ այն կներծծվի խմորի մեջ։ 40 ր-ով թողնել ծածկած վիճակում, ստանալ գնդեր, գրտնակով բացել, ծալել երկարությամբ և փաթաթել ռուլետի նման։
Դասավորել յուղաթղթով նախապատրաստած ձևամանում, վրան պատել կաթի և հավկիթի խառնուրդով, թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում՝ 25 ր։ ԿԱրող եք վայելել։ Իսկ գրտնակման և փաթաթման վերաբերյալ դիտեք կցված լուսանկարներում։