Մեծ լսարան ունեցող, միջազգային հարգանք ու սեր վայելող, հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցային հրապարակում է հանրայնացրել՝ իր զորակցությունը հայտնելով սահմանին կանգնած զինծառայողներին:
Հ. Մխիթարյանի այս քայլը կարևոր է, եթե հաշվի առնենք նրա մեծ հեղինակությունն ու տարբեր ազգերի երկրպագուների բանակը:
Ֆուտբոլիստը նշել է, որ մեծ անհանգստությամբ հետևում է, թե ինչ է կատարվում սահմանային տարածաշրջաններում, ցավում է, երբ իմանում է, որ հակառակորդը խաղաղ բնակչությանն է թիրախավորում:
Նա իր հպարտությունն ու աջակցությունն է հայտնում հայրենիքն ամեն գնով պաշտպանող մեր խիզախ զինծառայողներին՝ իրականացրած հրաշալի գործողությունների առիթով:
Սիրված ֆուտբոլիստը նաև իր խորին ցավակցությունն ու վիշտն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, իսկ վիրավոր տղաներին շուտափույթ ապաքինում է ցանկացել: Նա նշել է, որ աղոթելու է վիրավոր զինծառայողների առողջացման համար:
Ֆուտբոլիստն իր հրապարակումը եզրափակել է խաղաղության ցանկությամբ ու մաղթանքով: Նրա հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք կից: