Խաչապուրին վրացական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկն է։ Այս պանրային բլիթները շատերն են սիրում։ Այն հագեցնող է, համեղ։ Կարելի է վայելել թեյով, կաթով կամ առանց որևէ համադրության։ Խաչապուրու հազարավոր բաղադրատոմսերից առանձնացրել ենք անչափ համեղ, փափուկ, նուրբ այս խաչապուրիները, որոնք այնքան դյուրին է պատրաստելը։
Անհրաժեշտ է՝
Ալյուր — 400 գ
Հավկիթ — 1 հ․
Մածուն — 200 գ
Շաքարավազ — 0,5 թ․գ․
Աղ — 0,5 թ․գ․
Սոդա — 0,5 թ․գ․
Կարագ — 20 գ
Պանիր Սուլուգունի — 160 գ
Կարագ պատրաստի բլիթների վրա քսելու համար
Տաք մածունին միացնել հավկիթը, ապա հավելել սոդան, աղը և շաքարավազը։ Այս ամենը լավ միախառնել, այնուհետև հավելել ալյուրը, սակայն միայն 100 գ։ Լավ խառնել, միացնել կարագը, կրկին խառնել և նոր միայն լցնել ալյուրի մյուս մասը։
Ստանել փափուկ, էլաստիկ խմոր։ Տասնհինգ րոպեով դնել մի կողմ։ Այդ ընթացքում քերեք պանիրը, որից հետո խմորը բաժանեք 2 հավասար մասերի։ Դրանցից մեկը գրտնակեք, մեջտեղում դրեք քերած պանիրը, մի կտոր կարագ, հավաքեք խմորը, գրտնակեք 2 կողմից և թխեք տաքացաված թավայում միջին կրակի վրա։
Կարմրացնել 2 կողմից՝ փակ կափարիչով։ Օգտագործեք չկպչող թավա և տապակելու համար կարագ կամ բուսայուղ անհրաժեշտ չի լինի։ Պատրաստի խաչապուրիները պատեք կարագով և վայելեք։