Ինչպես հայտնի է, մոսկվաբնակ ադրբեջանցիները մի քանի օր շարունակաբար փորձում են խնդիրներ ստեղծել հայկական գյուղմթերի իրացման համար՝ խոչընդոտելով դրանց մուտքը շուկա:
Տեղի հայկական համայնքների ներկայացուցիչների միահամուռ ուժերի շնորհիվ այս պահին առկա գյուղմթերքը, մասնավորապես ծիրանի մեծ խմբաքանակն իրացվել է: Հայերը նաև անվճար հյուրասիրություն են կազմակերպել առևտրի հերթում սպասողների համար:
Իսկ գյուղմթերքի հետագա իրացման հարցը լուծում է ստացել հայազգի գործարար Սամվել Կարապետյանի շնորհիվ: Գործարարի ջանքերի շնորհիվ այսուհետ հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարները առանց որևէ վճարի իրավունք կստանան կանգնել «Բուխտա» առևտրային տարածքում, որի հասցեն հետևյալն է. Մոսկվա, Դմիտրովսկոե մայրուղի 165, կորպուս 1:
Խնդիրը բավականին լուրջ էր, քանի որ մասնագետների պնդմամբ սա ոչ միայն առևտրային խնդիր էր, այլև քաղաքական: Այս իրադարձությունները հաջորդել էին սահմանային գոտում սրված իրավիճակներին, երբ հայկական կողմը նշանակալի հաջողությունների էր հասել:
Այսպիսով հայ առևտրականներին և հայկական տնտեսությանը զգալի վնասներ հասցնելու ադրբեջանական ծրագիրն ավարտվեց հայկական կողմի հաջողությամբ, իսկ տեղի հայկական համայնքը շարունակում է աջակցել հայրենակիցներին այսօրինակ հարցերում: