Նկարիչ Սամվել Սևադան սոցցանցային գրառմամբ կիսվել է իր կիրակնօրյա տպավորություններով: Շաբաթօրյա անձրևային եղանակը նրան տրամադրել է կիրակնօրյա մասնագիտական զբոսանք կազմակերպելու մտքին:
Որոշելով նկարել հետանձրևային երկինքն ու բնությունը՝ նկարիչը վերցրել է ֆոտոապարատը և ուղևորվել դեպի արևելք:
Ճանապարհին զարմանքով հանդիպել է մեքենաների առատության, իսկ Գեղարդի մատույցներում ականատես է եղել իր համար սարսափելի մի երևույթի:
Նա տեսել է հարյուրավոր մեքենաներ, մարդկանց, ովքեր, առանց վիրուսի առկայության փաստը հաշվի առնելու, խրախճանքներ, զվարճություններ ու հավաքույթներ են կազմակերպում՝ վայելելով կիրակնօրյա հանգիստը:
Նկարիչը գրել է, որ խիստ զայրացած է, քանզի նմանօրինակ անպատասխանատու և անխիղճ պահվածքն առաջիկայում շատ ավելի վատ փաստերի առաջ է մարդկանց կանգնեցնելու:
Նա վստահ է, որ կառավարությունը պետք է հանի իր թավշե ձեռնոցները՝ ավելի խիստ մեթոդների գնալով, քանզի չի ուզում, որ ինքն ու իր նմաններն ի վերջո զոհ գնան անպատասխանատու անձանց նույնքան անպատասխանատու արարքներին: