Քաշաթաղաբնակ, ազգությամբ եզդի Համլետ Հաջոյանը Հայաստանն ու հայկական հողը սիրում ու գնահատում էր յուրովի: Նրա նվիրվածությունն ու անմնացորդ սերն էլ նրան ապրիլյան դեպքերի հենց մեկնարկից անմիջապես հետո տանում է սահմանային գոտի:
Համլետն այն ժամանակ քառասունվեցամյա հասուն տղամարդ էր, իսկ այսօր կբոլորեր քաջ ու նվիրյալ մարտիկի հիսուն տարին:
Մարտական գործողություններում Համլետը որոշակի հմտություն էր ձեռք բերել դեռ արցախյան ազատամարտի տարիներին:
Հենց Համլետի նվիրյալ բնավորությունն է երիտասարդին դրդում ազատամարտից հետո մշտական բնակություն հաստատել այն հողի վրա, որի համար պայքարել է անձնվիրաբար: Նա դառնում է Քաշաթաղի մշտական բնակիչ:
Իր կյանքի շարունակության կեսը Համլետն անցկացրել է զինծառայության մեջ՝ դիրքերում: Ապրիլյան թեժ օրերից մի քանի օր անց, ամսվա կեսին տեղանքում հսկողություն իրականացնող Համլետն ընկնում է հակառակ կողմից արձակված կրակահերթի ժամանակ:
Կրակահերթը սեփական զինվորներին ոգևորելու համար էր հնչեցնում հակառակ կողմը: