Տիկին Ստելլան անմահացած հերոս՝ Վահե Բաղդասարյանի հերոսածին մայրն է։ Մայրը կիսվելով հիշողություններով՝ պատմել է՝ որքան էր Վահեն ոգևորվել, երբ զինկոմիսարիատում հայտնել են ծառայության մեկնելու մասին։

Մայրն առաջիններից է եղել, ով ոգևորել է որդուն և ուրախացել նրա հետ։ «Կյաժը»․ այսպես էին Վահեին դիմում ընկերները, ծառայել է Մատաղիսում, ապա Թալիշում։

Վահեի հետ ունեցած վերջին զանգը միշտ ականջներում է։ Այդ զրույցն ասես այդպես էլ չի ավարտվել։ Այն մոտավորապես մեկ ժամ է տևել և այդպես էլ մնացել։

Վահեն ընկել է սեպտեմբերի երեսունին։ Ընտանիքն այդ մասին իմացել է հոկտեմբերի չորսին։ Վահեի զոհվելուց հետո ընտանիքի համար ապրելը ծանր է, գրեթե անհնարին և երկար մտորումներից հետո հստակորեն որոշել են՝ երեխայի ճիչ պիտի բերեն տուն։

«Որոշեցի՝ Վահես պիտի վերածնվի և այդպես էլ եղավ։ Ահա նորից գրկում եմ Վահեիս և իմ տանը, ինչպես նախկինում, լսվում է Վահեի ճիչը և ծիծաղը»,- արցունքն աչքերում հայտնել է հերոսի մայրը։