Հազարավոր տղաներ, որ նոր էին թևակոխել կյանք, որ բազում երազանքներով ու նպատակներով մեկնեցին հայրենիքի սրբագույն պարտքը տալու, բախվեցին դաժան իրողության։

Բախվեցին մահին, բայց չընկրկեցին․ նայեցին ուղիղ մահվան աչքերի մեջ ու առաջ սլացան։ Նրանց բոլոր երազանքներն ու նպատակները մեկ վայրկյանում հօդս ցնդեցին, քանզի հայրենիքի պաշտպանությունն ու պահպանումը վեհ էր ամեն բանից։

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն, ճանաչեն մեզ հայրենիք նվիրած լուսավոր տղաներին ու անմար պահենք նրանց հիշատակը։ Գոռ Վաղարշակյան։ Հերոսը ծնվել է 2002 թվականին, Արմավիրում։ Մեկնել է ծառայության 2020 թվականի հուլիս ամսին։

Ընդամենը երկու ամսվա ծառայող էր, սակայն լծված էր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Ակտիվ մասնակցում էր մարտական գործողություններին։ Դաժան ու ծանր մարտեր տանելով՝ կյանքը զոհեց հանուն հայրենիքի փրկության։

Եռանդուն, կյանքը շատ սիրող ու կյանքով լեցուն երիտասարդը պայքարեց հանուն մեզ, հանուն գալիքի։ Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն ենք ուղղում հերոսի ընտանիքին։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս․․․