Շատ անգամ կրակներկի միջից վիրավոր ընկերներին դուրս է բերել ուսերին դրած․ ճանաչենք մեր հերոսներին


Մենք այսօր ապրում ենք այն հայրենիքում, որը մեզ տվեցին հերոս տղաները։ Հայրենիքում ապրելու, արարելու համար մշտապես երախտապարտ պիտի լինենք նրանց։ Նրանց, որ հանուն մեզ ու հանուն մեր գալիքի մարմնով վահան դարձան հանուն հայրենիքի ու մեր պահպանության։

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն ու հավերժ բարձր պահենք նրանց անունները, որ նրանք հավետ լինեն, քանզի նրանք կշարունակեն ապրել մեր մտքերում, մեր հոգում ու մեր խոսքում։ Անմահացած հերոսներից մեկն էլ Նարեկ Գինոսյանն է։ Նա ծնվել է 2001 թվականին, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։

Նախնական կրթությունն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ, ապա՝ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ՝ բռնցքամարտի բաժին։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո մեկնել է ծառայության։ Ծառայությունն անցնում էր Հադրութում։ Երբ սկսվեց պատերազմը, Նարեկն ութ ամսվա ծառայող էր։ Իր իսկ կամքով մեկնել է առաջնագիծ։

Նրան առաջարկել են մնալ Խոջալուում և հսկել պահեստները, սակայն նա մերժել է առաջարկը և գնացել այնտեղ, որտեղ իր ընկերներն էին։ 11 օր Ջաբրայիլում կյանքի ու մահու կռիվ է տվել։ Կռվել է ամենաթեժ տեղերում՝ Ջաբրայիլ, Հադրութ, Մարտունի 2,3-ում։ Մշտապես առաջ է նետվել ու քաջալերել ընկերներին։ Ֆիզիկական պատրաստվածության բարձր տվյալների շնորհիվ  շատ անգամ կրակներկի միջից վիրավոր ընկերներին դուրս է բերել ուսերին դրած։

Ընկել է պատերազմի 35-րդ օրը Մարտունի 2-ի Կամար դիրքում՝ անօդաչուի հարվածից։ Վերջին անգամ ընտանիքի անդամների հետ խոսելիս ասել է, որ ինչ էլ լինի դիրքը պահելու են։ Մնացել է խոստմանը հավատիրմ և պահել է դիրքը, որը ժամանակին եղել է Մոնթեի դիրքը։ Ննջես խաղաղությամբ, քաջ հերոս, հիշատակդ հավերժ․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!