Արամ Սարգսյանը համացանցային օգտահաշվում գրառմամբ է հանդես եկել և անդրադարձել այսօրվա իրադարձություններին, որոնք մտահոգում են հանրությանը։

Սարգսյանը պնդում է՝ հոռետեսությունը և հուսալքությունը գործին չեն օգնի։ Որպես օրինակ նա նշում է Իսրայելին։ Այդ պետությունը Հայաստանի նման կորցրել է պետականությունը, տեսել ցեղասպանություն, բայց հոռետես և հուսալքված չի եղել, այլ ըմբռնել է՝ հայրենիքը պաշտպանել է պետք։

Նա հարգանք և խոնարհում է հայտնել զոհվածների ընտանիքներին, հավելել, որ ինքը շատ լավ է հասկանում իրենց ողբերգությունը, երբ ընտանիքի ամենաթանկին կորցնում են։

Արամ Սարգսյանն ընդգծում է, որ հարցը հստակորեն է դրված՝ կամ հավաքական դիմադրություն ենք ձևավորում և պայքարում ինքնության, պետություն ունենալու իրավունքի համար, արժևորում մեր հերոս զավակների զոհողությունը, կամ՝ զիջում ենք օտարին, կորցնում ինքներս մեզ հարգելու իրավունքը և դավաճանում Եռաբլուրին։

«Համոզված եմ՝ մենք իրական հնարավորություններ ունենք թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ոլորտներում դիմակայելու, հաջողություններ գրանցելու և խաղաղությունը պարտադրելու։ Վստահ եմ, որ անելու ենք»,- գրել է Արամ Սարգսյանը։