Լիզա Ճաղարյան. Պարզ ու բացճակատ ընդունեք իրականությունը ու հիստերիկ ցնցումների գիրկը մի ընկեք


Ո՞նց եք, անանձնական մարմնատերեր։
Սա կատակ էր, ինձ չի հետաքրքրում, թե ոնց եք, հանկարծ հարցիս չպատասխանեք։

Ուրեմն, շատ դարեր առաջ հին Հայաստանում Տորք Անգեղ անվամբ… Չէ, էս չէի ուզում ասել։
Շատ տարիներ առաջ, երբ դեռ փոքրիկ էի, համ էլ փոքր-մոքր աղջիկ էի, իմ մաման գրեթե ամեն օր տուն էր գալիս գրախանութից մի քանի գիրք առած։ Ու որ առնում էր, նստում — սկզբում ինքն էր կարդում, թերթում, հետո նոր թույլ էր տալիս, որ մենք կարդանք։ Դե, մի տուն լիքը աղջիկներ էինք, ու բոլորս էլ, Աստված տվել ու չէր խնայել՝ թունդ ընթերցասեր էինք։

Էդ օրվա գրքերից մեկը «Հազար ու մի գիշերներ»-ն էր։ Նստեց մամաս, մի քանի էջ կարդաց, ցնցված թռավ տեղից, գիրքը դրեց թեւի տակ ու վազեց գրախանութ։ Կարճ ասած՝ տարել հետ էր տվել, որ էդ փչացած գիրքը հանկարծ իր աղջիկ էրեխեքը չկարդան։
Էդ տեսա։ Մեր բարեկամներից ում տուն գնում էինք, վազում էի գրապահարանի մոտ ու էդ գիրքն էի փնտրում՝ բա չիմանայի՞, թե մամաս ինչի էդ գիրքը հետ տարավ գրախանութ։

Վերջը, մի օր գտա քեռուս տանը։ Բնականաբար, մամային ասացի, որ ուզում եմ էդ գիշերը քեռուս տանը մնալ, որովհետեւ շատ եմ ուզում քեռուս էրեխեքի հետ խաղալ։ Մնացի, ու գիշերը թաքուն կարդացի՝ ինչքան հասցրի։ Ու դրանից հետո եւս մի քանի անգամ մնացի քեռուս տանը ու էդ գիրքը բարով-խերով ավարտեցի։

Էդ փիս բաները կարդալուց հետո մի քիչ շփոթվեցի, բայց աշխարհը չշրջվեց, երկինքն էլ փուլ չեկավ, ես շարունակեցի դպրոցում հինգեր ստանալ ու էլի ուրիշ Չփչացած գրքեր կարդալ, բայց դեռ էդ տարիքում հասկացա, որ եղած բանը թաքցնել չի լինի, մեկ է՝ մի օր ճամփեդ կտրելու է։

Հիմա դուք ումից ի՞նչ եք ուզում թաքցնել ինտերնետի էս կատաղի դարում, երբ երեխաները ծնվում են բջջային հեռախոսը ձեռներին պինդ բռնած, ինտերնետն էլ քիփլիկ միացրած։ Ինչքան արգելեք, էնքան ավելի շատ բան են ուզենալու իմանալ։ Ձեզանից թաքուն։ Ու ինչքան արգելեք, էնքան ավելի անցանկալի «գաղտնիքների» հետեւից են վազելու։

Պարզ ու բացճակատ ընդունեք իրականությունը ու հիստերիկ ցնցումների գիրկը մի ընկեք։ Կամ շատ եք ուզում՝ դուք ընկեք ում եւ ինչի գիրկն ուզում եք, բայց ձեր երեխաներին ձեզ նման կեղծ ու ծիծաղելի մի դարձրեք։
Առողջ եղեք։

Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջի գրառում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!