Անմահացած հերոսներն ինչքան էլ լուսաբանվեն, քիչ է ու քիչ։ Պետք է ճանաչել նրանց անուն առ անուն ու յուրաքանչյուրի անունը ամենաբարձր կետերից աղաղակել, որ լսելի լինի բոլորին, որ բոլորը խորը գիտակցեն հանուն ինչի և ում շնորհիվ են օրերն անցկացնում։

Նրանց հայրենասիրական վեհ գաղափարներով դաստիարակենք ու կրթենք եկող սերնդին, որ հայրենիքը նորովի կառուցվի ու հզոր լինի։ Եվ վերջապես արժանանանք այն հայրենիքին, որ հերոսները կերտեցին։

Ճանաչենք նրանց անուն առ անուն։ Սաշա Խուրշուդյան։ Ծնվել է 2000 թվականին, Բջնիում։ Չնայած այն բանին, որ առողջական խնդիրներ ուներ՝ մեծ պատրաստակամությամբ մեկնել է ծառայության։ Ծառայությունն անցկացնում էր Մարտունի 3-ում։ Նռնականետորդ էր։

Պատերազմի ողջ ընթացքում պաշտպանել է Մարտունին։ Մասնակցել է թեժ մարտերին։ Այդ մարտերից հետո ողջ մնացած մի քանի զինվորներով Սաշան Գիշիում մկրտվում է։ Նոյեմբերի ութին ինքնակամ միացել է գումարտակներից մեկին շրջափակումից փրկող խմբին։

Խումբը կարողացել է միջանցք բացել և դուրս բերել գումարտակը։ Սաշայի խումբը թշնամու կողմից թիրախավորվում է և Սաշան զոհվում է հրադադարից ժամեր առաջ՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր։