Եվ որքան էլ բոլորը մեծ անհամբերությամբ սպասում էին ամռան գալուն, շարունակում են բողոքել տոթ ու չափազանց տաք եղանակից։

Սակայն եղանակի տեսությունը շտապում է հիասթափեցնել․ եղանակի զով լինելու մասին մտածել անգամ պետք չէ, քանի որ առաջիկայում տոթակեզ օրեր են սպասվում հայոց աշխարհին։ Սա բնությունն է և ոչինչ փոխել այստեղ մարդը չի կարող։

Մարդն անզոր է հենց բնության առջև։ Մնում է միայն համակերպվել և պարզ ու հասարակ միջոցներով զովանալ ու տհաճ զգացողությունն այդ կերպ գոնե մեղմել։ Այսօր՝ հուլիսի տասներկուսին, ռեկորդային շոգ է գրանցվել։

Երևանում ջերմաստիճանի սանդաղը հատել է +41-ի սահմանը։ Այն գերազանցել է 1980 թվականի ցուցանիշին, երբ ամռան հենց այս օրը գրանցվել է 37,2 աստիճան։

Հայհիդրոմետկենտրոնից հայտնում են, որ հուլիսի 12-13-ը Արաբական թերակղզուց Հայաստան են թափանցել արևադարձային տաք օդային հոսանքներ, որով էլ պայմանավորված օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա ևս 2-3 աստիճանով։